Ձեզ ինչ հարց տալիս են, ասում եք՝ կոնտեքստից դուրս է, մի հատ կներկայացնե՞ք՝ այդ ո՞ր կոնտեքստում եք դուք հայհոյել. Կբացատրե՞ք, թե արդյոք կարելի՞ է հայհոյել կոնտեքստից ներս, բայց չի կարելի հայհոյել կոնտեքստից դուրս: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Բարեվարք մարդը, կիրթ մարդը, ոչ կոնտեքստից ներս է հայհոյում, ոչ էլ կոնտեքստից դուրս է հայհոյում։ Չես կարող գնաս, պատին հայհոյանք գրես, և հետո ասես գիտես, կոնտեքստից դուրս ես կարդացել, որովհետև մի պատ այն կողմն էլ մի հատ ուրիշ կոնտեքստ կար:
Ես առաջարկում եմ՝ ծանոթանաք և հրապարակեք, թե ձեր մասին բարեվարքության ինչ եզրակացություն է ներկայացվել։ Որովհետև միգուցե ՔՊ-ականներն էլ տեղյակ չեն ձեր մասին ինչ է գրված, կամ հասարակությունը տեղեկանա, թե քպ-ականները ում են ներկայացրել ԲԴԽ-ի անդամի թեկնածու»,-ասաց նա:
Նա կոչ արեց Սիրունյանին. «Ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ ներկայացրեք, թե այդ ի՞նչ համատեքստում եք, դուք պուտանկեքի մասին գրառում արել և ձեր տրակտատները համատեքստում հայհոյելու և համատեքստից դուրս հայհոյելու վերաբերյալ։
Եթե չեք ուզում, որ ընդհանրապես այս երկրի դատական համակարգը խայտառակվի, հանեք ձեր թեկնածությունը»:
Ի պատասխան Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փաստաթուղթը պետք է տային ու ծանոթ լինեի։ Ես պարզապես մի ճշմարտություն գիտեմ, որ բոլոր եկամուտներս հայտարարագրված են, դրանք քիչ չեն: Բանկից շատ թուղթ էին ուզել, մի 15 տարվա թուղթ էին ուզել։ Գիտեմ, որ կոռուպցիայի հետ կապ չունեմ։ Այդքանը գիտեմ»:





























