Հայաստանի նՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 17-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր եւ նախագահ դոկտոր Ջոննի Հոնին եւ փոխնախագահ Քիթ Բենեթին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ»-ը, որպես վենչուրային կապիտալ թողարկող ընկերություն, որ տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր է իրականացնում, հետաքրքրված է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով:
Հանդիպման ժամանակ բարոնուհի Քոքսը նշել է, որ իբրեւ Հայաստանի բարեկամ, շարունակում է իր հնարավորությունների չափով աջակցել մեր երկրին եւ ուրախ կլինի, եթե չինական այս ընկերությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային որոշակի ոլորտներում ներդրումներ կատարի:
Նախագահը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել, որ Հայաստանի պետական մարմինները պատրաստ են քննարկելու եւ օժանդակելու «Ընկերությունների համաշխարհային խմբի» ներդրումային ծրագրերին:
Զրուցակիցներն անդրադարձել են հատկապես բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային հնարավորություններին, որոնք վերոհիշյալ ընկերության հետաքրքրության շրջանակներում են եւ Հայաստանում համարվում են դինամիկ զարգացող ճյուղեր:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծելով, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում՝ մասնակցելով որոշակի ծրագրերի, եւ ուրախ կլինի դրանց շարքում «Ընկերությունների համաշխարհային խմբին» եւս տեսնելու:




























