«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կողմնորոշվել է, թե ում թեկնածությունն է առաջադրելու Պետդումայի խոսնակի պաշտոնի համար: իշխող կուսակցությունը կառաջադրի Սերգեյ Նարիշկինի թեկնածությունը, որը Պետդումայի ընտրություններին Լենինգրադի շրջանում գլխավորել է կուսակցության ցուցակը: Այս մասին լրագրողներին հաղորդել է կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղարի առաջին տեղակալ Անդրեյ Իսաեւը:

Նրա խոսքով` Նարիշկինը մեծ փորձ ունի, նա վարչական պաշտոններ է զբաղեցրել, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին: «Այսօրվա դրությամբ նա ամենալուրջ գործիչն է բոլոր նրանցից, ովքեր անցնելու են Պետդումա», - ըստ «Ինտերֆաքս»-ի` ասել է Ա. Իսաեւը:

Նարիշկինը 2004թ. սեպտեմբերից կառավարության աշխատակազմն է ղեկավարել, 2007թ. դարձել է փոխվարչապետ, իսկ 2008թ. դարձել է կրեմլյան աշխատակազմի ղեկավար:

Հիշեցնենք, Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գռիզլովը հրաժարվել է պատգամավորական մանդատից` հայտարարելով, որ խոսնակի պաշտոնը երկու ժամկետ զբաղեցնելը բավական է: