Վերջին տվյալներով, Ֆիլիպիններում Washi թայֆունի զոհերի թիվը հասել է 250-ի, եւս շուրջ 400 մարդ համարվում է անհետ կորած:
Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ, տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները: Թայֆունի հզորությունը հասնում է 90 կմ/ժամի, քամին իր հետ ուժեղ անձրեւներ է բերում, գրում է Pravda.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 180 զոհի մասին:
Ամենից շատ տուժել է Մինդանաո կղզին, որտեղ մահացել է, առնվազն 97 մարդ: Կագայան-դե-Օրո եւ Իլիգան քաղաքներում խափանվել է էլեկտրականությունը, ճանապարհները ջրով պատված են, կա սողանքի վտանգ:
Ամեն տարի անձրեւների շրջանում (հունիսից դեկտեմբեր) Ֆիլիպիններում շուրջ 20 փոթորիկ ու թայֆուն է գրանցվում, որոնք հաճախ ուժեղ ջրհեղեղների առիթ են դառնում:
Ռեկորդը գրանցվել է 1991-ին, երբ ջրհեղեղի զոհ գնաց 6 հազար մարդ:











