Հայաստանի խանութներում կաթնամթերքը կվաճառվի գունավոր դարակաշարերում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 21-ին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ներկայում մեծ տարածում ունի կաթնամթերքի իրացումը կաթի ճարպի փոխարինիչով։ «Այս օրենսդրական փաթեթն անհրաժեշտ է, որպեսզի սպառողները վիզուալ հասկանան, թե ինչից է պատրաստված այս կամ այնկաթնամթերքը»,- նշել է Սարգսյանը։
Ըստ այդմ՝ սահմանվում է դրույթ, ըստ որի՝ մանրածախ առեւտրի օբյեկտներում կաթնամթերքի վաճառքը պետք է կազմակերպվի առանձին գունավոր դարակաշարերով։ Առանց կաթնայուղի կաթնամթերք վաճառելու դեպքում դարակը պետք է լինի կանաչ, իսկ կաթի ճարպի փոխարինիչովի դեպքում` նարնջագույն։
«Բոլորին է հայտնի, որ կաթի ճարպի փոխարինիչից պատրաստված արտադրանքն ավելի էժան է։ Դրանք ավելի էժան են, քան բնական հումքը։ Հստակ բաժանման բացակայությունը սպառողին մոլորեցնում է։ Այս դեպքում սպառողն ավելի շատ է վճարում եւ ավելի էժան ապրանք է գնում»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։
Վերոնշյալ կանոնները խախտելու դեպքում կսահմանվի տուգանք 100 հազար դրամի չափով։ Եթե մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, այն կկրկնապատկվի՝ կազմելով 200 հազար դրամ։




























