Այսօրվա դատական նիստը չի կայացել, քանի որ Երեւանի ավագանին չի ուղարկել պատասխանողին՝ ներկայացնելու իր շահերը, բացի այդ, թույլ են տրվել փաստաթղթավորման սխալներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Երեւանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

Նա նշել է, որ անգրագիտության հերթական դրսեւորման արդյունքում նիստը հետաձգվել է։ Երիցյանն ավելացրել է, որ Երեւանի քաղաքապետը իրավասություններ է պատվիրակել փաստաբանին, մինչդեռ հայցը ոչ թե քաղաքապետարանի, այլ ավագանու դեմ է, որը պատասխանող կողմն է։ Նա հիշեցրել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը իրեն մայրաքաղաքի ավագանու անդամի մանդատից զրկելու մասին՝ այն անվանելով անօրինական։

«Մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում։ Մենք առաջինը չենք եւ վերջինը չենք լինելու, որ ենթարկվում ենք քաղաքական հետապնդումների։ Մենք ուզում ենք նախադեպ ստեղծել, որպեսզի ընտրված մարմինների ներկայացուցիչները իշխանությունների կողմից չզրկվեն իրենց մանդատներից»,- նշել է Երիցյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ընտրությունները կրում են ֆորմալ բնույթ, քանի որ ներկայացուցչական մարմինների ընտրված անդամներին իշխանությունները հեռացնում են։ «Մեզ ընտրել է ժողովուրդը, եւ միայն ժողովուրդը կարող է գնահատել մեր աշխատանքը»,- ընդգծել է Գրիգոր Երիցյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանիում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը 2024թ. սեպտեմբերի 10-ին զրկվել էր մանդատից այն մեղադրանքով, որ բացակայել է 5 նիստերից 4-ին, ինչին նա չի համաձայնել։