Եթե որեւէ մեկին տուգանեն 50 հազար դրամով հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթեւեկելու համար, մենք այդ անձին կտրամադրենք իրավաբանական օգնություն, իշխանությունները չունեն համապատասխան օրենսդրական լծակներ։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ նման դրույթ չկա. «ԿԳԲ-ն (նկատի ունի ԱԱԾ-ն- խմբ.) անցավ հարձակման եւ լրատվամիջոցներով ապատեղեկատվություն տարածեց, թե իբր անտոմս ուղեւորներին 50 հազար դրամ տուգանք է սպառնում։ Փորձում են վախեցնել մարդկանց եւ հետ պահել բոյկոտից։ Ժողովուրդն արդեն ցույց է տվել, որ պատրաստվում է բոյկոտել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը, ուստի իշխանությունները փորձում են ահաբեկել մարդկանց»,- նշել է Մարությանը` կոչ անելով քաղաքացիներին հանգիստ իրականացնել այդ ակցիան։
Երեւանի նախկին քաղաքապետը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կհաջողի՝ տեղի ունեցողը պետական թալան որակելով, քանի որ փոփոխությունները սոցիալական լուրջ խնդիրներ են ստեղծելու։
Նրա խոսքով՝ պետությունն այսօր անցել է հարձակման։ Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանի վարչապետը Telcell-ի միջոցով գնել է QR կոդ, որը դեռեւս հայտնի չէ՝ իրավունք ունի՞ տոմսեր վաճառել, թե՞ ոչ։ «Հայաստանի վարչապետը գոհունակությամբ ասոլ է, որ խոսել է քաղաքացիների հետ, բայց ինչ-ինչ պատճառներով այս ամենը չի նկարահանվել, թեեւ սիրում է ամեն ինչ նկարահանել եւ ցուցադրել։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նման խոսակցություններ (դրական առումով- խմբ.) քաղաքացիների հետ չեն եղել, այլ եղել են բացասական խոսակցություններ, եւ ժողովուրդը հավանաբար կտրուկ արձագանքել է առաջարկվող փոփոխություններին։ Հայաստանի վարչապետը ցույց է տվել, որ համաձայն է փոփոխություններին եւ փորձել է ժողովրդին համոզել, որ այս փոփոխությունները դրական են, որ իբր ժողովուրդը դա չի հասկանում»,- ընդգծել է Փաշինյանի նախկին զինակիցը։
Նա կարեւորել է, որ մարդիկ իմանան, թե ինչպես է վերաբերվում ՀՀ կառավարության ղեկավարը, որին քաղաքացիները տվել են իրենց ձայները, հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։ «Ժողովուրդը պետք է իմանա, որ Հայաստանի վարչապետը համաձայն է այս որոշմանը»,- նշել է քաղաքական գործիչը։
Ընդդիմադիր գործիչն ավելացրել է, որ առավել խոցելի խմբերը լինելու են այն թոշակառուները, որոնք շատ հաճախ չեն օգտվում տրանսպորտից։ «Միեւնույն ժամանակ, իշխանությունները լռում են, որ թոշակառուների, ուսանողների եւ այլ խմբերի համար մեկանգամյա, 24-ժամյա եւ յոթօրյա տոմս գնելիս զեղչեր չեն լինելու»,- եզրափակել է Հայկ Մարությանը։











