Թող «Բարգավաճ Հայաստանն» էլ գնահատի Հայ ազգային կոնգրեսի  անկեղծությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ ՀԱԿ-ը մեղադրում էր ԲՀԿ-ին օլիգարխիկ համակարգի մաս լինելու մեջ: «Հիմա ՀԱԿ-ը նրանց համագործակցության առաջարկ է անում: Չեմ կարծում, որ նման առաջարկի անկեղծությունը պետք է ես գնահատեմ. թող դա անի ԲՀԿ-ն»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» պայքարի արդար ընտրությունների համար, նրանց հետ հնարավոր է դիտարկել համագործակցության տարբերակներ: Նա շեշտել է, որ ասվածն իր անձնական կարծիքն է եւ չի արվում ողջ Հայ ազգային կոնգրեսի անունից: Առավել եւս դա համագործակցության առաջարկ չէ եւ կարող է ընդունվել միայն որպես քաղաքական վերլուծություն: