Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-15-ին գտնվում էր Քուվեյթում` Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները  քննարկելու նպատակով:

Զարգացման հայկական գործակալությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քուվեյթի առեւտրաարդյունաբերական պալատում, արդյունաբերողների եւ ներդրողների միությունում, ներդրողների ընկերությունում, գյուղատնտեսական կազմակերպությունում, Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամում, առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար շեյխ Նեմիր ալ-Սաբահի հետ կայացած հանդիպումների ընթացքում լայնորեն լուսաբանվեցին  Հայաստանի տնտեսական ներուժը, արտադրվող ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները, ՀՀ տնտեսական զարգացման խոշորածավալ ծրագրերը, ներդրումների խրախուսման եւ պաշտպանության բնագավառում  ՀՀ կառավարության վարած տնտեսական ռազմավարությունը: Համապարփակ քննարկումներ տեղի ունեցան երկկողմ հարաբերությունների գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության,  վերականգնվող էներգիայի եւ  ենթակառուցվածքների  ոլորտներում հնարավոր տեղաշարժերի  արձանագրման ուղղություններով: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել քուվեյթյան համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցը Հայաստան` տնտեսական ներուժին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ սկսել  2012 թվականին Քուվեյթում կայանալիք հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում  Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ գյուղատնտեսական  ապրանքների  ցուցահանդես  անցկացնելու ուղղություններով:

Այցը  նշանավորվեց  Զարգացման հայկական գործակալության եւ Քուվեյթի ներդրումային ընկերության միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, ինչն  էլ ավելի իրատեսական հարթություն տեղափոխեց ներդրումների բնագավառում փոխգործակցության խթանման հեռանկարները:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաեւ քուվեյթյան մի շարք մասնավոր ընկերությունների եւ հայ համայնքի գործարար շրջանակների հետ:

Զարգացման հայկական գործակալության այցը լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ եւ  տեղական լրատվամիջոցներում: