Հուսով ենք, որ այս տարվա սեպտեմբերին մենք առաջին անգամ կկարողանանք Նիդերլանդներից միջնադարյան շրջանի հավաքածու ստանալ։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Նա պարզաբանեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում նիդերլանդցի գործընկերների հետ համատեղ։ Պողոսյանը նշեց, որ 2022 թվականին Հայաստանի պատմության թանգարանից Նիդերլանդներ ցուցադրության է ուղարկվել մոտ 160 առարկա։ Նա հավելեց, որ ցուցահանդեսը մեծ աղմուկ է բարձրացրել և մրցանակ է ստացել։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանի մամուլի ծառայությունից, 2024 թ․-ի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպել է շուրջ 20 ցուցադրություն, վաթսունից ավելի տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև սկիզբ է դրվել բազմաթիվ նոր համագործակցությունների, որոնց շարքում առանձնակի կարևորություն ունեն երկու խոշոր միջազգային ցուցադրությունները՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» և «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով»։ Թանգարանի գործունեության կարևոր ցուցանիշ է այցելուների քանակը, որը 2024 թ․-ի ընթացքում գերազանցել է շուրջ 100 հազարը։
Նշվում է, որ տեղի է ունեցել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգի արվեստ. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» ժամանակավոր ցուցահանդեսի փակման արարողությունը։ Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրությունը հնարավոր է դարձել «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում պահվող լուսանկարների ուշագրավ ընտրանիի կողքին:
2023 թ․ սեպտեմբերից թանգարանում առաջին անգամ մեծ ծավալով ցուցադրվել են Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից 19-րդ դարի հայկական գորգերի տասնյակ հատընտիր ցուցանմուշներ, որոնք արտացոլում են հայկական գորգագործական ավանդույթների բազմազանությունը: Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանում պահվող լուսանկարների մի ուշագրավ ընտրանու հետ:
Ավելի քան մեկ տարի գործող ցուցահանդեսը արժանացել է 100 000-ից ավելի այցելուների դրական արձագանքներին և դարձել Հայաստանում սփյուռքից ներկայացված ամենամեծ ու երկարատև ցուցադրված մշակութային ժառանգությունը։ Թանգարանի և Ջեյմս Թուֆենկյանի արդյունավետ համագործակցությունը կարևոր օրինակ է և նման գործակցության նոր ձևաչափ։
































