Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծի քննարկումը նախատեսվում է դեկտեմբերի 22-ին:

Ինչպես հաղորդում է  «Nouvelles dArménie»-ին` վկայակոչելով «France-Presse» գործակալությանը` Թուրքիայի կողմից  Ֆրանսիայում իր դեսպանին  հետ կանչելու մասին սպառնալիքին ի պատասխան  կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է, թե «օրինագիծը ետ կանչելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Նախագիծը, որը հեղինակել են նախագահական մեծամասնության ավելի քան 40 պատգամավոր,  ցեղասպանության ժխտման համար նախատեսում է  մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազ. եվրոյի տուգանք:

«Այս օրինագիծը 2001թ. Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո սկսված  երկարատեւ օրենսդրական գործընթացի գագաթնակետն է:Պետք էր ավելի հեռուն գնալ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առումով»,-ասել է Վալերի Բուայեն` ավելացնելով, որ նախագիծը որեւէ այլ երկրի դեմ ուղղված չէ:

Նշենք, որ Փարիզում Թուրքիայի դեսպանատունը նախազգուշացրել էր, որ «անշրջելի հետեւանքներ կլինեն երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում», եթե Ազգային ժողովն ընդունի օրինագիծը:

Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը, փորձելով լիցքաթափել իրավիճակը, ընդգծել է, որ նախագիծը «խորհրդարանական նախաձեռնություն է` ուղղված օրենքով ճանաչված ցեղասպանությունների մերժումը պատժելուն», որը  ռասիստական եւ ժխտողական հայտարարությունները քրեկանացնելուն ուղղված հասարակական շարժման մաս է: