Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննարկել է Թուրքիայի տարածքով ռուսական գազի մատակարարման հնարավորությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը խոստացել է Անկարայի օգնությունը Մոսկվայի հետ լուծում գտնելու հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Սլովակիայի ղեկավարը այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների համար, որոնք դադարեցվել էին տարեսկզբին։ Սլովակիայի պետական գազային Slovensky Plynarensky Priemysel AS ընկերությունը Կենտրոնական Եվրոպայի այն սակավաթիվ ընկերություններից է, որը երկարաժամկետ պայմանագիր ունի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ հայտնում են լրատվամիջոցները։
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Սլովակիայի և Ռուսաստանի հետ՝ լուծում գտնելու համար։
«Եկեք քայլ անենք», - ասել է Էրդողանը երկուշաբթի օրը Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Թուրքիայի արտգործնախարարը կապ կհաստատի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, իսկ անձամբ ինքը կխոսի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Եկեք եզրահանգման գանք Սլովակիայի բնական գազի կարիքների մասին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Ինչպես նշում է Bloomberg-ը՝ Ֆիցոն կարծում է, որ կարելի է այլընտրանքային լուծում գտնել՝ ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով Սլովակիա հասցնելու, այնուհետև Բուլղարիա, Ռումինիա և Հունգարիա։ Նա մանրամասներ չի հայտնել հնարավոր լուծման կամ գազի ծավալների մասին։
«Ռուս գործընկերները պետք է ներգրավվեն և հաստատեն՝ պատրա՞ստ են ավելացնել Սլովակիա այդ գազի մատակարարումների ծավալը»,- ասել է Ֆիցոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Սլովակիայի էկոնոմիկայի նախարարը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա՝ այդ հարցի հետագա քննարկման համար՝ հավելել է Ֆիցոն։




























