ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անում է իր ասածը, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենում, նա հրամանագրեր է ստորագրում, որոնք վերաբերում են նաև արտաքին օգնության տրամադրմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Մասնավորապես, նա ԱՄՆ-ին դուրս բերեց Փարիզի համաձայնագրից։ Թրամփն արդեն ստորագրել է 200 գործադիր հրաման, և նա շարունակելու է փոփոխություններ նախաձեռնել նույն ագրեսիվ տեմպերով։ Թրամփը կատարել է բոլոր այն խոստումները, որոնք տվել էր իր առաջին նախագահական ժամկետում»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ առաջիկա օրերին ԱՄՆ նորընտիր նախագահը կուժեղացնի իր գործունեությունը արտաքին քաղաքականության ոլորտում, քան իր առաջին նախագահական ժամկետում, քանի որ աշխարհը փոխվել է։
Սարգսյանը հավելել է, որ Ուկրաինայի հարցով Պուտինի հետ առաջիկա բանակցությունները միայն Ուկրաինայի մասին չեն լինելու, քանի որ ձևավորվում է նոր աշխարհակարգ, որում իր տեղն ունի նաև Չինաստանը, և Թրամփը ԱՄՆ-ի համար ամենամեծ մարտահրավերն է համարում ոչ թե Ռուսաստանին, այլ Չինաստանին։ Նրա կարծիքով՝ Թրամփը սխալ է համարում Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը և կփորձի փոխել այս իրավիճակը։
«Թրամփն ունի լծակներ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի վրա։ Վերջինիս դեպքում՝ գրեթե 20 հազար տարբեր պատժամիջոցների տեսքով, իսկ սա բանակցային լուրջ ռեսուրս է։ Բանակցությունները հեշտ չեն լինի, բայց եթե Թրամփը հաջողի, դա պատմական նշանակություն կունենա Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համարԵվրոպացիներն իրենց հերթին հասկանում են, որ Թրամփի օրոք նրանք չեն կարող ամբողջությամբ ապավինել ԱՄՆ-ին, հատկապես անվտանգության հարցերում։ ԱՄՆ նախագահը դժգոհ է, որ Եվրոպան չի ավելացնում իր պաշտպանական ծախսերը։ Կարծում եմ՝ հենց դա է անելու Եվրոպան»,- ընդգծել է Սարգսյանը։
Նա նաև հիշեցրել է Թրամփի դիրքորոշումը Կանադայի, Մեքսիկայի, Գրենլանդիայի և Պանամայի վերաբերյալ։
«Կանադայի վերաբերյալ հայտարարություններն ուղղված են մաքսային պայմանների բարելավմանը։
Գրենլանդիան այլ պատմություն է: Իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը Դանիային առաջարկել է վաճառել ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս կղզին, որտեղ տեղակայված է ամերիկյան բազան։
Պանամայի դեպքում Թրամփը դժգոհ է, որ ամերիկյան ռեսուրսներով կառուցված ջրանցքը հայտնվել է չինական վերահսկողության տակ, ինչի հետևանքով ամերիկյան նավերը, ինչպես ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարեց, այժմ ստիպված են բարձր մաքսատուրքեր վճարել»։- ասել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա Թրամփը փորձել է իրեն որպես խաղաղարար դիրքավորել, բայց մյուս կողմից՝ անվերապահ աջակցություն է հայտարարել Իսրայելին՝ նշել է Սարգսյանը։
«ԱՄՆ-ում այս հարցում երկկուսակցական կոնսենսուս կա: Այնուամենայնիվ, դեռ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Թրամփի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում»,- եզրափակել է նա։











