Newday.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, որն այսօր ԱԺ–ի անցակետից բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Newday.am-ի գլխավոր խմբագիր Անի Գևորգյանը՝ նշելով, որ դեռևս պետք է սպասել փորձաքննության արդյունքներին, որից հետո միայն պարզ կլինի՝ գրպանի փոքրիկ դանակը սառը զենք համարվու՞մ է, թե ոչ։
«Սա իմ ու իմ լրատվականաի դեմ ուղղված գործողություն է։ Նման դեպքեր էլի են եղել, երբ անձի մոտ գրպանի դանակ է հայտնաբերվել, անցակետի աշխատակիցներն ուղղակի հարցեր են տվել, հորդորել դանակը դրսում թողնել ու մարդը գնացել շարունակել է իր աշխատանքը»,–նշեց Անի Գևորգյանը՝ հավելելով, որ փորձել է իրավիճակը բացատրել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, սակայն մինչ վերջինս ճեպազրույց էր տալիս, ոստիկաններ են ժամանել և Ջանիբեկ Խաչատրյանին ձեռնաշղթաներով բաժին տեղափոխել։
«Ես փորձեցի հարցը տեղում լուծել, ոստիկաններին ասում էի, որ օպերատորին ձեռնաշղթաներով ձերբակալելն ապօրինի է, սակայն նրանք տեղի չտվեցին»,–ասաց Newday.am-ի գլխավոր խմբագիրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազգային ժողովի անցակետում միջադեպ է գրանցվել: Newday.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, երբ փորձել է անցնել ԱԺ-ի անցակետը, նրա մոտ հայտնաբերվել է դանակ:
ՊՊԾ-ից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ԱԺ մուտք գործել փորձող անձանց մեկի մոտ հայտնաբերվել է դանակ և համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները նշված անձին ձերբակալել են և տեղափոխել բաժին:
Արդեն Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում Ջանիբեկի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ իր համար անհասկանալի էր ձեռնաշղթաներով ձերբակալելու փաստը:





























