Ինդոնեզիայի գլխավոր Ճավա կղզում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքը 17 մարդու կյանք է խլել, 9-ը անհետ կորել են։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով աղետների հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերող ծառայություններին:

Կենտրոնական Ճավա նահանգի Պեկալոնգան քաղաքի մոտակայքում հորդառատ անձրևները երկուշաբթի սողանք են առաջացրել՝ փլուզելով առնվազն մեկ կամուրջ և թաղելով տներ ու մեքենաներ թանձր ցեխի մեջ։

«Միացյալ թիմը տարհանել է սողանքի տակ թաղված ևս մեկ զոհի... Զոհերի թիվը հասել է 17-ի», - ասվում է Աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալության (BNPB) ներկայացուցիչ Աբդուլ Մուխարիի հայտարարության մեջ։

Մուխարին ասել է, որ սողանքը «թաղել է երկու տուն և քարշ տվել տարածքով ընթացող մի քանի մեքենաների», և որ փրկարարական աշխատանքները խոչընդոտվել են սողանքի հեռավոր դիրքի պատճառով:

Մուխարին ասել է, որ առաջիկա երեք օրերի եղանակի կանխատեսումը ցույց է տալիս չափավոր տեղումների հավանականությունը, որը կարող է «առաջացնել ջրհեղեղներ, հեղեղումներ և սողանքներ»:

Պեկալոնգանի ոստիկանապետ Դոնի Պրակոսո Վիդամանտոն տեղական Metro TV-ին հայտնել է, որ առնվազն 10 մարդ վիրավորվել է, միևնույն ժամանակ փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները:

Նրա խոսքով՝ սողանքը փուլ է եկել Սեմարանգ քաղաքից 90 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող տարածքի վրա: