Երկուշաբթի օրը ԱՄՆ Վերմոնտ նահանգում՝ Կանադայի սահմանից հարավ, ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվող ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցը և ևս մեկ մարդ սպանվել են հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է NBC News-ը:

Վերմոնտ նահանգի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քովենթրիի թիվ 91 միջնահանգային ավտոմայրուղում երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով 15:15-ի սահմաններում:

«Սպանվել է ԱՄՆ սահմանապահ ծառայության մեկ աշխատակից, ինչպես նաև մեկ քաղաքացի: Մեկ այլ սուբյեկտ վիրավորվել է և գտնվում է հսկողության տակ»,- հայտնել են ՀԴԲ Օլբանիի գրասենյակից։

Հետաքննությունների դաշնային բյուրոն չի հրապարակել միջադեպի մանրամասները, սակայն հայտնել է, որ հետաքննում է «ենթադրյալ հարձակումը դաշնային սպայի վրա՝ կապված ԱՄՆ սահմանապահ ծառայության գործակալի մասնակցությամբ մահացու հրաձգության հետ»:

 Երեկ ՀԴԲ-ն աշխատել է ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության և Վերմոնտի նահանգի ոստիկանության գործընկերների հետ՝ դեպքի վայրի զննություն անցկացնելու համար: Իշխանությունները հայտարարել են, որ այդ պահին հասարակությանը սպառնացող վտանգ չի եղել, իսկ 91-րդ մայրուղին փակ էր քննչական գործողությունների իրականացման պատճառով:

Սենատորներ Բերնի Սանդերսը, Փիթեր Ուելչը և Ներկայացուցիչների պալատի անդամ  Բեկա Բալինթը երկուշաբթի օրը համատեղ հայտարարություն են տարածել միջադեպի վերաբերյալ։

«Այսօր Վերմոնտ նահանգը և ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ողբերգական կորուստ են կրել, երբ Քովենթրիի մոտ, Վերմոնտ նահանգի սահմանապահ ծառայության աշխատակիցը գնդակահարվել և սպանվել է: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում գործակալի ընտանիքին և սահմանապահ ծառայությանը։ Մենք կշարունակենք հետևել այս իրավիճակին դաշնային և նահանգային իշխանությունների հետ և երախտապարտ ենք շտապ բուժօգնության անձնակազմին, որոնք ժամանել են  դեպքի վայր»,- ասվում է կոնգրեսականների հայտարարության մեջ: