Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են երկու հարևան երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ գրում է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր օրակարգում հիմնարար քաղաքականություն է համարում հարևան և մահմեդական երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցությունը, և այդ առումով Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք ձգտում ենք ընդլայնել երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Փեզեշքիանը Մուստաֆաևին երեքշաբթի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահը մատնանշել է երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ներկայումս իրականացվող համատեղ նախագծերը՝ նշելով, որ «այդ համագործակցության մակարդակի շարունակությունն ու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միմյանց համար ռազմավարական գործընկերների կվերածի»։
Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը «ջանք չի խնայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու համար»։
«Մենք նաև բարձր ենք գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում և կարծում ենք, որ մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր է միայն այս տարածաշրջանի երկրների ջանքերով։ «Օտար պետությունների ներկայությունը մեզ չի օգնի այս հարցում»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։





























