Կաբո-Վերդեում, այսօր` դեկտեմբերի 17-ին, մահացել է հայտնի երգչուհի Սեզարիա Էվորան: Ինչպես հաղորդում է Polit.ru-ն` վկայակոչելով El Mundo-ն, մահը վրա է հասել սրտի անբավարարությունից եւ շնչուղիների խնդիրներից:
«Բոկոտն թագուհին» մահացել է 70 տարեկան հասակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեզարիա Էվորան պետք է այս տարվա սեպտեմբերի 29-ին, համերգ տար Երեւանում, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սակայն համերգը չեղյալ էր համարվել: Պատճառը նրա առողջական վիճակն էր:
Սեպտեմբերի կեսերին Grammy եւ Victoire de la Musique մրցանակների դափնեկիր Սեզարիա Էվորան ուղեղի կաթված էր ստացել, որի պատճառով նրա կարիերան ավարտվել էր:
Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելո բնակավայրում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար:











