Արդյոք հնարավոր չէ կարճ ժամանակում ներդնել այնպիսի համակարգ, որ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար ոչ sim քարտ անհրաժեշտ լինի, ոչ էլ ID քարտ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին:

«Ոնց որ մենք օգտվում ենք բազմաթիվ բանկային ծառայություններից առանց որեւէ հավելյալ գործիք ունենալու: Ես ինքս այս տարի պրոբլեմ ունեմ, որովհետեւ այս հեռախոսս փոխել եմ, որի մեջ քարտ չկա: Ունեմ համակարգիչ, որը  Macbook է, որի վրա չի աշխատում քարտ ռիդերի ծրագիրը, հիմա պետք է ստիպված այլ համակարգիչ կամ նոր հեռախոս ձեռք բերեմ, որ կարողանամ ներկայացնեմ  իմ հայտարարագիրը: Նախկինում դա շատ հեշտությամբ արել եմ, որեւէ խնդիր չի եղել»,-ասաց նա:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ Հայաստանում անձի նույնականացման ունիվերսալ համակարգ ներդնելու գործընթաց է մեկնարկել. «Այդ գործընթացի հանգուցալուծմամբ մենք կունենանք միասնական նույնականացման համակարգ: Բայց ներկայում ունենք ձեր ախտորոշած խնդիրը: Այն տեխնիկական բնույթ է կրում, բայց դրանից դրա կարեւորությունը չի նվազում: Հիմա պատրաստի լուծումներ, ցավոք, չեմ կարող նախանշել, բայց այս հարցը ՊԵԿ-ի եւ այլ կառույցների ուշադրության կենտրոնում է»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ պետք է ընտրություն կատարեն պարզության, հեշտության եւ անվտանգության միջեւ. «Այստեղ պետք է ռեալ գնահատել, թե արդյոք անվտանգությունը կարող է տուժել, եթե մենք գնանք անձի նույնականացման գործընթացում որոշակի պարզեցումների»: