Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կապված ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորության հետ, կարծիք է հայտնել, որ առևտրային պատերազմը չի բխում ոչ Եվրամիության, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից։
«Մենք ամուր անդրատլանտյան կապեր ունենք»,- ասել է վարչապետը CNBC-ին տված հարցազրույցում։ «Մեր տնտեսությունները շատ փոխկապակցված են, և ես կարծում եմ, որ առևտրային պատերազմը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի շահերից»: «Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես ամրապնդենք մեր անդրատլանտյան հարաբերությունները, որոնք այժմ ավելի կարևոր են, քան երբևէ»,- հավելել է Սանչեսը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԵՄ-ի նկատմամբ ներմուծման ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Բրյուսելը չմեծացնի ԱՄՆ-ից նավթի և գազի գնումների ծավալը։ «Ես Եվրամիությանն ասացի, որ նա պետք է փոխհատուցի Միացյալ Նահանգների հետ [առևտրային հարաբերություններում] հսկայական դեֆիցիտը՝ զգալիորեն ավելացնելով մեր նավթի և գազի գնումները: Հակառակ դեպքում, նրան սպասում են սակագներ ամբողջական ծավալով»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցի էջում:





























