Ղազախստանի արեւմտյան մասում լարված մթնոլորտը պահպանվում է. նախօրեին երեկոյան Շետպե բնակավայրում անկարգություններ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են 1 մարդու մահվան, եւս 11-ը վիրավորվել են:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 17-ին մոտ 50 մարդ արգելափակել է գնացքների երթեւեկությունը Շետպեի երկաթուղային կայարանում:
Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ժանաոզենում զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցներին:
Մոտավորապես` տեղական ժամանակով ժամը 20:00-ին ոստիկանության աշխատակիցները փորձել են փակել ճանպարհները, սակայն հանդիպել են դիմակայության:Ակտիվիստներն այրել են բեռնատար գնացքի վագոններից մեկը, կոտրել են խանութների ցուցափեղկերը, քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել ոստիկանների վրա:
Իրավապահները զենք են կիրառել: Նախնական տվյալներեով` Մանգիստաուսկի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածք ստացած 12 մարդ, որոնցից մեկը մահացել է:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարգադրություն է ստորագրել Ժանաոզեն քաղաքում դեկտեմբերի 17-ից մինչեւ 2012 թ. հունվարի 5-ը արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Արտակարգ դրության ընթացքում սահմանափակվելու է տեղաշարժման ազատությունը, այդ թվում` տրանսպորտային միջոցների, քաղաք մուտքուելքը, արգելվելու է հանրահավքների, հավաքների, գործադուլների անցկացումը:











