Մենք ոչ թե դպրոցների փակման գործընթաց ենք իրականացնում, այլ նոր դպրոցներ ենք կառուցում։ Այս մասին հունվարի 22-ին կառավարության ժամին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մեր նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր երեխայի համար»,- վստահեցրեց նա:
Անդրեասյանը զեկուցեց, որ մատչելիության գործոնները հաշվի առնելով կազմվել է կրթահամալիրների ցանկ՝ հավելելով, որ շուրջ 220 դպրոց և կրթահամալիր կառուցման փուլում է։
Նրա խոսքով, նախորդ տարի կրթական համակարգում ընդգրկվել է 3000 ուսուցիչ, որոնց 56%-ը գյուղերում։ «Սա ցույց է տալիս, որ կրթության իրավունքի ապահովումը, այդ թվում՝ գյուղերում, մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց նախարարը։
Անդրեասյանը կարծում է, որ գյուղերից արտագաղթը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ նախընտրում են տեղափոխվել այն բնակավայրեր, որտեղ իրենց երեխաները կարող են որակյալ կրթություն ստանալ։
«Մենք ասում ենք, որ պետք չէ տեղափոխվել, դուք պետք է մնաք ձեր տներում, և ձեր երեխաներին հասանելի կլինի որակյալ կրթությունը»,- եզրափակեց նա։





























