Նյու Յորքի ոստիկանությունը երեկ` դեկտեմբերի 17-ին ձերբակալել է «Գրավիր Wall Street»-ը շարժման 55 ակտիվիստի, ովքեր փորձել են ներխուժել մասնավոր զբոսայգի` իրենց վրանային ճամբարն այնտեղ տեղակայելու համար:Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, տարածքի գրավումը կանխվել է ոստիկանների կողմից, ինչն էլ հանգեցրել է բազմաթիվ ձերբակալությունների:

Wall Street-ը փողոց է Մանհեթենի շրջանում` Նյու-Յորքում, որտեղ գտնվում է Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (NYSE). այն համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: 2011-ի սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստներ փորձել են ուժով գրավել բորսան: Հենց այդ օրն էլ ընդունված է համարել « Wall Street-ի գրավում» շարժման ծնունդը: Հարյուր հազարավոր մարդկանց բողոքները ուղղված են եղել ֆինանսական ինստիտուտների դեմ, առաջին հերթին բանկերի դեմ:Շարժումը ընդգրկել է տասնյակ քաղաքներ:

Շարժման մասնակիցների ամենատարածված կարգախոսն է «մենք 99 տոկոս ենք»: Նրանք դժգոհում են, որ ազգային հարստության մեծ մասը տնօրինում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:Ի պաշտպանության շարժման հանդես են գալիս  մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում` WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանգյանը:Նախօրեին լրացել է շարժման 3 ամիսը: