Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են զինված ուժերի գլխավոր հոգեբույժին, ով Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահի տեղակալն է և որոշում է զինվորականների պիտանիությունը ծառայությանը՝ հայտնում է «Украинская правда»-ն։
Խոսքը Օլեգ Դրուզի մասին է։ Գործի նյութերի համաձայն՝ պատերազմի ընթացքում պաշտոնյան ձեռք է բերել ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի չհիմնավորված ակտիվներ։
Միևնույն ժամանակ նա իր հայտարարագրում չի արտացոլել համապատասխան գույքը, և այն գրանցել է կնոջ, դստեր, որդիների և երրորդ անձանց անվամբ։
Քննությամբ պարզվել է, որ 2022-2024 թվականների ընթացքում կասկածյալը ձեռք է բերել մեծ քանակությամբ անշարժ գույք, ավտոմեքենաներ և այլ կարողություն։




























