Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում բնակչության ավանդների գումարը հասել է գրեթե 443,6 մլրդ դրամի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 120,2 մլրդ դրամով կամ 37,2%-ով:
Հասկանալի է, որ մարդիկ գումարները խնայում են ոչ առօրեական ծախսերից: Այս տեսանկյունից կարող է տարակուսանք առաջացնել վերոնշյալ ավանդների ծավալների ավելացման եւ մանրածախ առեւտրաշրջանառության միջեւ անհամամասնությունը: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի աճը կազմել է ընդամենը 2,8%, իսկ հոկտեմբերին` հասել է զրոյի:
Տեղեկանքի կարգով նշենք, որ հունվար -հոկտեմբերին ամսական մեկ շնչին ընկնող մանրածախ առեւտրաշրջանառության միջին ծավալը կազմել է մոտ 24,5 հազ. դրամ:
Այսպիսով, ապրանքների սպառման խիստ ցածր մակարդակի եւ վերջին շրջանում նկատելի գնաճի պայմաններում «բնակչության» ավանդներն առեւտրային բանկերում կտրուկ աճում են...
Սրանից կարելի է մեկ եզրահանգում անել. ի տարբերություն խորհրդային շրջանի, երբ գրեթե յուրաքանչյուր ընտանիք ավանդ ուներ, ներկայումս խնայողություն ունենալն անհասանելի շքեղություն է շատ ընտանիքների համար:
Եթե ավանդների գումարը հավասարաչափ բաշխվի բնակչության մեջ, ապա յուրաքանչյուր ընտանիք կունենա մոտ 570 հազ. դրամի խանայողություն:
Համաձայն հետազոտությունների` արտերկրից տրանսֆերտներ ստացող ընտանիքները միան դրա չնչին մասն են կարողանում խնայել: Ելնելով սրանից` կարելի է եզրակացնել, որ արտարժույթով ավանդներ ունեցողներն այլ խավի են պատկանում: Իսկ արտարժույթով ավանդների ծավալն ավելի նշանակալի է:
Այսպիսով, հոկտեմբերի վերջի դրությամբ, արտարժույթով ավանդաների ծավալը կազմել է 318,4 մլրդ դրամ կամ ավանդների ողջ ծավալի 71,8%-ը:
Դրամային ավանդների բացարձակ աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 41,8 մլրդ դրամ, արտարժութային ավանդներինը` 78,3 մլրդ դրամ կամ 1,9 անգամ ավելի: Այսպիսով, չնայած ֆինանսական շուկայի կարգավորմանն ուղղված քայլերին, մեր քաղաքացիների սերը «կանաչների» նկատմամբ բավականին կայուն է: Ընդ որում, մեր քաղաքացիները նախապատվություն են տալիս նաեւ եվրոյին:
Այս միտումը բանկերին ստիպում է ավելացնել նաեւ տարեկան տոկոսադրույքը: Այսպես, մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջին տոկոսադրույքը 9,05%-ից հասել է 9,22%-ի: Միաժամանակ` նվազել է վարկավորման տոկոսադրույքը` 18,29%-ից մինչեւ 17,89%: Արդյունքում` բանկերի միջին մարժան կրճատվել է 0,57 տոկոսային կետով` հոկտեմբերին կազմելով 8,67%:
Նշենք, որ այս տեղաշարժերն արդեն հստակ միտում են դրսեւորում: Այսպես, անցած տարի մարտի վերջի տվյալով` ավանդների միջին տոկոսադրույքը նկատելի ցածր էր ներկայիս ցուցանիշներից` 8,54%, իսկ ահա վարկային տոկոսադրույքը բարձր էր` 19,10%, այնպես որ մարժան արտահայտվում էր երկնիշ թվով` 10,56%:


Ալբերտ Խաչատրյան




























