Ես թոշակառու եմ, եթե թոշակը նորմալ լիներ, չէի գա Գնունու շուկայում կանգնեի, ինձ համար գործ եմ ստեղծել, աշխատում եմ, փաստորեն ասում են՝ մի աշխատեք: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առեւտրականներից մեկը:

Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Նիկոլ Փաշինյանը շաբլոն բաներ է ասում, ոչ մի ասածը չի համընկնում իրականության հետ: Իրենք շատ լավ գիտեն՝ ով է ապրանք ներկրում, բոլոր օլիգարխների ունեցվածքը գիտեն, մենք հացի փող ենք աշխատում, դա էլ չեն թողնում»,-ասաց նա:

Մեկ այլ տնտեսվարող էլ՝ Գագիկ Ալավերդյանը նշեց. «Արդեն երկար ժամանակ է, որ կառավարությունը մեծ աշխատանքներ է տանում, որ վերացնի փոքր ու միջին բիզնեսը եւ զարգացնի մենաշնորհները: Սա հարցի լուծում չէ:

Օր օրի մարդիկ սնանկանում են, առեւտուրը վերացել եւ գնալով վատանալու է: Հիմա երեք օրում մի ապրանք է վաճառվում, իսկ վարձավճարների գինը բարձրացել է: Շրջանառության հարկը 1.5 տոկոս էր, հետո դարձրեցին 5 տոկոս, հիմա էլ հունվարից 10 տոկոս են դարձրել: Մարդիկ մտածում են, դե եթե բողոք չկա, ուրեմն կարող են աշխատել:

Հիմա էլ ասում են՝ պետք է գույքագրվի, հայտարարագրվի ամեն մի ապրանք: Դրանով ստիպում են, որ մարդը հաշվապահներ, տնտեսագետներ պահի: Դեռ երեւի պետք է իրավաբան էլ պահենք: Մարդը տրանսպորտի փող չունի, պետք է հաշվապահ պահի՞: Ահռելի սուպերմարկետը պահում է մի հաշվապահ, ու հիմա ամեն մի անհատ ձեռներեցը պետք է հաշվապահ պահի: Հիմարների երկի՞ր է»: