Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը մեր գլխում է, ես համաձայն եմ իր հետ, եթե աղքատությունը մեր գլխում չլիներ, մենք միամտաբար չէինք ընտրի իրեն, որից մեկը ես եմ եղել: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առեւտրականներից մեկը:
Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Հավատալով դրան ես էլ 10 օր չեմ աշխատել, ելել եմ պայքարելու նախկինների դեմ, որին հիմա երանի եմ տալիս:
Ոչ ոք իրավունք չունի, մտնի իմ բանկային համակարգ, ստուգի իմ անձնական տվյալները, դա գաղտնի է, անգամ հարկայինը, եթե ինչ-որ վարչարարություն ունի իմ նկատմամբ, պետք է դիմի դատարան, թույլատրություն ստանա, որ իրավունք ունենա իմ խանութը կամ իմ անձնական տարածքը մտնի ստուգման:
Երբ վարչապետը մտնում էր մեր անձնական կյանք, մեզ հարցրե՞լ է: Վաղը նա մտնելու է մեր բոլորիս ինտիմ կյանք, ընտանիքներ, ասելու է՝ գիտես հեռախոսդ մի անջատի, ես լսում եմ, տեսնում եմ՝ դու ինչով ես զբաղված գիշերը Դա էլ է անելու Մենք չգիտեմ՝ գնում ենք սոցիալիզմ, թե՞ Հյուսիսային Կորեա: Նա ուզում է հասնի նրան, որ մենք կախված լինենք իրենից: Երեկ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց՝ գողը, որ տնից գողանում է ոսկին, նա կարող է տանի ձուլի և բերի հանձնի, մենք պիտի իմանանք այդ մարդը ոսկին ուներ, թե չուներ։ Պարոն վարչապետ, քանի 100 հազար հատ տուն ցույց տամ, որ թալանել են, գողին տվել են միլիցու ձեռը, ոստիկանը չի բռնել, ասել է՝ մտել է, չի տարել, գողություն չի արել։ Այդ գողը, որ գողանում է, այդ ոսկին, որ ուզենա, այդ վզնոցը կգցի վիզը, կթռնի այլ երկիր, կվաճառի, կգա: Ոսկու շուկայի աշխատողին չի վաճառի:
Դուք ավելացնում եք գողությունը, դուք ուզում եք մարդկանց ընտանիքներ մտնեք, որ իմանաք ով քանի կտոր ոսկի ունի, ո՞ր գողին ում տուն ուղարկեք: Որ սնանկանան, հացի փող չունենան, այս մարդիկ չփորձեն օրերից մի օր հելնեն բողոքի ակցիայի»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից կինը:





























