Որքանով ես եմ տեղյակ, այցելություն սահման օրակարգում չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ այցելած Բալթիկ եւ եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին չեն պատրաստվում տանել սահման:

«Եթե ձեր հարցի կոնտեքստը այն է, թե արդյոք մենք Հայաստան ժամանող միջազգային հյուրերին ներկայացնում ենք ՀՀ անվտանգային իրավիճակը, այդ թվում ներկայացնում ենք այն փաստը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատված օկուպացված է, կամ արդյոք ընդհանրապես Հայաստան ժամանող միջազգային հյուրերը այցելում են սահմանագիծ, այս բոլոր հարցերին պատասխանն այո է: Մեր բոլոր միջազգային գործընկերներըհասկանում են իրավիճակը և հասկանում են, թե ինչ սպառնալիքների է բախվում Հայաստանը:

Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և աջակցություն Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղություն հաստատելու»,-ասաց նա:

Հարցին՝ եթե պատերազմ լինի, ո՞վ է մեզ օգնելու, Ռուբինյանը պատասխանեց. «Նախ պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմը չլինի, երկրորդը պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մենք պատրաստ լինենք, եթե մեր վրա հարձակում լինի, դիմակայենք դրան։ Երրորդը պիտի այնպես անենք, որ միջազգային հանրությունը նաև իր բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի այդպիսի բան չլինի:

Դրա համար Հայաստանը առաջ է մղում խաղաղության օրակարգը, Հայաստանը ներկայացրել է առաջարկներ, որոնք պարունակում են լուծումներ բոլոր օրակարգային հարցերի շուրջ։ Հայաստանը բարեփոխում է իր պաշտպանական կարողությունները։ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր դիվանագիտությունը և արտաքին հարաբերությունները և այսպես շարունակ»:

Անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարությանը, թե ԵՄ ուղղությամբ շաևրժվելով Հայաստանը «Տիտանիկի» տոմս է գնում, Ռուբինյանն ասաց, որ Ռուսաստանը սխալ է ասում: