Մեր երկրներն աջակցում են Հայաստանի և ԵՄ-ի միջև բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորը համագործակցությանը, հատկապես վիզային ռեժիմի ազատականացման, առևտրի դյուրացման և Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական և անվտանգային երկխոսության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Լատվիայի Սեյմի (խորհրդարանի) նախագահ Դայգա Միերինիան՝ Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը հաջորդած ճեպազրույցում, հունվարի 23-ին։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որն ուղղված է խաղաղությանը և տնտեսական համագործակցությանը։ Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի»,- հավելել է նա։

Դաիգա Միերիան վստահեցրել է, որ դեպի ԵՄ գնալը չի նշանակում ազգային ինքնությունը զոհաբերել, այլ միայն ավելի ամրապնդել այն։