Իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը որեւէ կերպ չի կարող ազդել 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա, սակայն բացասաբար է ազդել հասարակության կողմից բարձրացված սոցիալական հարցերի լուծման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Գարնանը հասարակությունը ոգեւորված էր սոցիալական եւ քաղաքական խնդիրները լուծելու հնարավորությամբ եւ պատրաստ էր իշխանափոխության: Սակայն ՀԱԿ-ի` իշխանությունների հետ երկխոսության գնալու որոշումը օգտակար եղավ միայն իշխանություններին: Այդ քայլով ՀԱԿ-ը ձախողեց իշխանափոխության հնարավորությունը, երբ հասարակության մոտ բարձր էր սոցիալական ու քաղաքական դժգոհությունը»,-նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Կոնգրեսը, գնալով երկխոսության, ոչ միայն ձախողեց իշխանափոխության հնարավորությունը, այլեւ ամրացրեց իշխանության դիրքերը: «Արդյունքում իշխող ՀՀԿ-ն կարողացավ ստիպել ԲՀԿ-ին նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել»,- ընդգծեց պատգամավորը:

Միաժամանակ, ըստ նրա, եթե այդ երկխոսությունը դիտարկենք սոսկ քաղաքական կատեգորիաներով, որը հնարավորություն պետք է տար լուծել այս կամ այն խնդիրը, ապա բնական է, որ դա դրական երեւույթ է: «Սակայն իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը չլուծեց հասարակությանը մտահոգող ոչ մի հարց: Այսպիսով, կողմերը փչացրեցին իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության գաղափարը եւ ներկայումս դա համարվում է բացասական երեւույթ»: