Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հանրապետություն» կուսակցության անդամ, զեկուցող Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Վաղը վարչապետը զանգահարում է ԵՄ ղեկավարին, միասին զրուցում են, ասում է՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ ԵՄ անդամ։ Դա որպես մեկնարկ կարո՞ղ ենք դիտարկել, թե՞ ոչ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Զեյնալյանն արձագանքեց՝ դա էլ մեկնարկի էլեմենտ է. «թե դա ինչպես է դրսեւորվել, ինչքանով է գոհացնում մեզ, ժամանակի ընթացքում մոնիտորինգ կանենք եւ կգնահատենք»,-ասաց Զեյնալյանը:
Էլինար Վարդանյանը էլի հարց ուներ. ««Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, և վերջ։ Ի՞նչ հետևանքներ են լինելու։ Այսինքն օրենքն ասում է՝ անդամակցության մեկնարկ ու հետո որևէ այլ գործնական քայլ չի արվում, ի՞նչ հետեւանքներ են լինելու»:
Նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը միջամտեց. «Տիկին Վարդանյան, հումորներ էլի անենք, բայց ոչ էս լուրջ հարցի վերաբերյալ էլի»։
Զեյնալյանն արձագանքեց. «Հետեւանքները նաև կարող են լինել քաղաքական: Եթե դուք ունեք առաջարկություն՝ ինչպես անել, որ այդ տեսակետից, ձեր պատկերացմամբ, լինի ավելի կանխատեսելի, դուք կարող եք առաջարկություն ներկայացնել, որ մենք համեմատության եզր ունենանք սրա եւ ձեր առաջարկածի միջեւ եւ կարողանանք ընտրություն կատարել: Մենք պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկությունները, սակայն հետեւանքները առաջնահերթության լինում են քաղաքական»:
Ամփոփելով միտքը՝ Վարդանյանն ասաց, սա հայտարարություն է, ոչ թե օրենքի նախագիծ, որը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել և իրավական որոշակիության, և հետևանքների մասով։
«Հետևաբար այս տեսքով նախագիծ Ազգային Ժողովը քննարկել չի կարող»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Զեյնալյանը նկատեց, որ օրենքները ունենում են նաեւ նպատակներ, իղձեր, հռչակումներ. «Այդպիսի օրենքներ ԱԺ-ն շատ ունի ընդունած, անկախ նրանից դուք այդ գումարման ԱԺ-ի պատգամավոր եղել եք, թե ոչ»:





























