ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելիս Հայաստանն իրեն պարտվածի դիրքում չզգա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հեռախոսազրույցում վերաբերյալ Պետդեպի հայտարարությունում նշվում է, որ նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղություն հաստատելու կարևորությունը։
«Իմ կարծիքով այստեղ բանալի բառն արժանապատիվն է, այսինքն ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն պայմանագիր ստորագրելիս իրեն չզգա պարտվածի դիրքում: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր հանգամանք է, ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կտա ԱՄՆ այդ դիրքորոշումը, բայց ամեն դեպքում մենք պետք է սա արձանագրենք, իսկ ընդհանուր առմամբ տարբեր խոսակցություններ, քննարկումներ տարածաշրջանի հետ կապված տեղի ունենում են եւ էլի տեղի կունենան տարբեր ուժի կենտրոնների ներկայացուցիչների միջեւ: Իմ ընդհանուր գնահատականը այն է, որ մեր տարածաշրջանը մի քանի կարեւոր գործընթացներ է հիմա իրականացնում : Առաջինն այն է, որ սրվում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տարածաշրջանի համար»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջին օրերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների հետ, նշեց, որ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը փորձում են իրար հետ ինչ-որ ընդհանուր մոտեցումներ ձեւավորել տարածաշրջանի վերաբերյալ:
«Տարածաշրջանի խոշոր պետությունները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը փորձում են իրենք իրար հետ ինչ-որ ընդհանուր մոտեցումներ ձեւավորել տարածաշրջանի վերաբերյալ: Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մտել է մի նոր փուլ՝ աշխարհառազմավարական զարգացումների, որը նոր է սկսվում եւ չենք կարող ասել, թե ինչ ընթացք կունենա այս ամենը»,-հավելեց նա:
Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալը, ըստ թուրքագետի, թեպետ պետք է հաշվի առնելբայց միեւնույն ժամանակ նրա կարծիքով՝ Թրամփը հատուկ հետաքրքրություն չունի Հարավային Կովկասի նկատմամբ:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Միացյալ Նահանգները շարունակում է շահագրգռված մնալ Միջին միջանցքը Հայաստանի տարածքով նախաձեռնությամբ, որը կշրջանցի Իրանն ու Ռուսաստանը:
«Ես կարծում եմ, որ նաեւ այդ մոտեցումն է, որ ստիպում է ամերիկացիներին այդպիսի հռետորաբանություն օգտագործել կապված արժանապատիվ խաղաղության հետ»,-ասաց նա՝ չբացառելով, որ դերակատարների միջեւ ակտիվ խոսակցությունները կարող են նաեւ այս թեմայով լինել:
Թուրքագետը կարծում է, որ Միացյալ նահանգների համար կարեւոր է մնալու Իրանը եւ Ռուսաստանը շրջանցելու հետ կապված Միջին Միջանցքի հարցը:











