2012 թվականի հերոսը` Վիշապը, բերանից հուր արտաբերելու հատկություն ունի, հետեւաբար ճիշտ կլինի  Ամանորին տան եւ տոնածառի զարդարանքի մեջ օգտագործել մոմեր եւ կրակոտ գույներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նկարիչ, դիզայներ Նուռը կամ Արման Դավթյանը: Նա տունը եւ տոնածառը զարդարելիս խորհուրդ է տալիս հաշվի առնել տան դիզայնը, կառուցվածքը,մթնոլորտը եւ առհասարակ բոլոր մանրուքները:

Նուռի խոսքով` ամենակարեւորն այն է, որ ամեն մարդ իր տունը զարդարի ըստ իր ճաշակի, կեցվածքի, կերպարի եւ նախասիրությունների: Նա դեմ է նորաձեւության տենդենցներին հետեւելուն, քանի որ համոզված է, որ դրանք մարդկանց միատեսակ եւ միօրինակ են դարձնում: Փոխարենը` խորհուրդ է տալիս լինել անհատականություն եւ ինքնատիպ: «Ամեն մարդ պետք է լինի յուրատեսակ, ինդիվիդուալ, եթե տենդենցին հետեւենք` պատկերացրեք, թե ինչքան անհետաքրքիր եւ միապաղաղ կլինի մեր կյանքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տոնածառը զարդարելուն, ապա Նուռը խորհուրդ է տալիս անձամբ խաղալիքներ ստեղծել` ինչ-որ կտորներից, փայտից եւ այլն եւ հավատացնում է, որ այդպես ձեր տոնածառը կառանձնանա եւ կլինի յուրատեսակ: Անձամբ դիզայներն իր  տոնաճառը զարդարելու է «բեժ» գույնի տարբեր խաղալիքներով` պատրաստված փայտից, կեղեւից եւ այլ իրերից: «Օրիգինալ կլինի, եթե տոնածառը լինի ազգային եւ տարազային, պատկերացրեք` ինչքան հետաքրքիր կլինի, եթե խաղալիքները լինեն ազգային, հայկական զարդանախշերով, հայ ընտանիքի տոնածառը կլինի հայեցի»,- նշեց Նուռը:

Նա խորհուրդ է տալիս իրար համակցել կարմիրը, գազարագույնը, մուգ կապույտը, հայկական գորգերի գույները: Տունը զարդարելու համար նա խորհուրդ չի տալիս օգտագործել բնական եղեւնիներ, քանի որ չարժե կանաչ ծառը կտրել մեկ օրվա համար, փոխարենը գեղեցիկ կնայվեն նաեւ արհեստական եղեւնիները: