2012թ վիշապի տարի է եւ այն իր տենդենցներն է բերում նաեւ դիմահարդարման մեջ: «Իմիջ կոդ» գեղեցկության սրահի դիմահարդար Քրիստինե Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամանորյա դիմահարդարումն ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հագուստը, դիմագծերը, մազերը եւ բնականաբար այն վայրը, որտեղ այցելելու ես: «Դիմահարդարումը խիստ անհատական է, եւ դիմահարդարելիս պետք է հաշվի առնել ամեն մի մանրուք»,- նշեց Քրիստինեն:
Նրա խոսքով` քանի որ այս տարի ավելի նորաձեւ են ակտիվ գույներով հագուստը` զանազան ծաղիկներով, հետեւաբար, դիմահարդարման մեջ եւս դրանք արտահայտվում են: Այս տարվա նորաձեւույթյունը դիմահարդարման մեջ բերում է վառ գույնի շրթներկը, ինչպես նաեւ «սլաքներով» ընդգծված աչքերը, այսինքն` սեւ մատիտով կամ սուրմայով ընդգծված աչքերը, իսկ ստվերաներկերն այս տարի նորաձեւ չեն: Շրթներկների մեջ արդիական է կարմիրը, նարնջագույնը, դրանց խառնուրդները, տարբեր երանգները: Ըստ որում` վառ գույնի շրթներկ ընտրելիս պետք է հաշվի առնել մաշկի եւ մազերի գույնը: եթե սպիտակամաշկերին եւ սեւ մաշկ ունեցողներին սազում են գրեթե բոլոր վառ գույները` կարմիր, նարնջագույն, ապա ցորենագույն մաշկ ունեցողներին` բնական գույները, օրինակ` շագանակագույնի նուրբ երանգները:
Մասնագետի խոսքով` վառ գույնի շրթներկը եւ ընդգծված աչքերը պետք է համադրել խնամված մաշկի հետ, չափի մեջ օգտագործել բնականին մոտ փայլեր, հիմնականում` այտոսկրի շրջանում: Մասնագետը խորհուրդ է տալիո առօրյայում շպարվել հնարավորինս մոտ բնական տեսքին :«Ամենօրյա դիմահարդարումը պետք է լինի թեթեւ, հանգիստ, աչքին շոյող»,- նշեց Քրիստինեն: Ի դեպ, Ամանորի նախօրեին դիմահարդարման ասպարեզում սովորաբար գնաճ չի նկատվում, քաղաքի տարբեր սրահներում գործում են տարբեր գներ, բայց միջին հաշվարկներով` դրանք տատանվում են 10-15 հազար դրամի սահմաններում` հաշվի առնելով, թե ինչ նյութեր են օգտագործվում եւ այլն:
Նշենք, որ այս տարվա տենդենցներում նկատելի է այն, որ ամեն ինչը գնում է դեպի բնականը: Եթե նախկինում նորաձեւ էին արհեստական եղունգներ լցնելը, ապա այժմ` բացառապես` բնական եղունգները: Այդպես է նաեւ հոնքերի դեպքում: «Նորաձեւ են բնական հոնքերը, այսինքն բնական հոնքը, պարզապես այն մշակված վիճակում»,- ասաց մասնագետը` նշելով, որ հոնքերը ճիշտ մշակելու համար պետք է հաշվի առնել աչքի ձեւը եւ դիմագծերը: Նա խորհուրդ չի տալիս տատուաժ անել:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























