Մեքսիկան հինգշաբթի մերժել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքը, ինչը, համենայն դեպս, ժամանակավորապես խափանել է Թրամփի վարչակազմի պլանները միգրանտների վտարման վերաբերյալ, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներին։

Հինգշաբթի ՌՕՈւ երկու C-17 ինքնաթիռներ, որոնք ուղղվել էին Գվատեմալա եւ տեղափոխում էին 80-ական մարդ, վտարվածներին ԱՄՆ-ից դուրս են բերել երեկոյան, տեղեկացրել են աղբյուրները։ Երրորդ չվերթը, որը նախատեսված էր դեպի Մեքսիկա, այդպես էլ չի թռել։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչու է Մեքսիկան արգելափակել թռիչքը, սակայն ԱՄՆ եւ Մեքսիկայի՝ վաղեմի հարեւանների եւ դաշնակիցների միջեւ լարվածությունն աճել է նոյեմբերի ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Թրամփը սպառնացել է Մեքսիկայի հանդեպ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ընդհանուր սահմանը հատող միգրանտների։

Սակայն նա դրանք դեռ գործողության մեջ չի մտցրել։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «չվերթների հարցը վարչական խնդիր էր եւ արագ լուծվել է»:

Հոդվածի հրապարակումից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լիւիթը X սոցիալական ցանցում գրել է. «Երեկ Մեքսիկան մեկ օրում ռեկորդային՝ 4 արտաքսման թռիչք է ընդունել»։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք դրանք ռազմական, կոմերցիոն, թե մասնավոր թռիչքներ են։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարությունը հայտնել է, որ դեմ է Թրամփի «միակողմանի» միջոցներին՝ ներգաղթի սահմանափակող ստանդարտներ սահմանելու վերաբերյալ, ներառյալ «Մնա Մեքսիկայում» քաղաքականության վերականգնումը, որը ստիպում է միգրանտներին մնալ երկրում, քանի դեռ նրանց ապաստանի հայտերը քննվում են: