«Դոնալդ Թրամփը երկու կարևոր քայլ է արել մինչև ԱՄՆ նախագահ դառնալը. նա «Թրամփ» անունով տոկեն է թողարկել, և որոշում է ստորագրել՝ գտնել տարբերակ ԱՄՆ–ն կրիպտոյի տեխնոլոգիաների մեջ առաջատար դարձնելու համար»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Layerswap ընկերության համահիմնադիր, կրիպտո ոլորտի փորձագետ Արամ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումները՝ կրիպտոյի ոլորտին առչվող, ազդելու ոլորտի վրա։
«Թրամփի որոշմամբ, թիմ է ստեղծվելու, որը զբաղվելու է ԱՄՆ–ն ոլորտում առաջատար դարձնելու ուղղությամբ, ինչը շատ լավ է։ Ստարտափերն ավելի քիչ կաշկանդված կլինեն, այսուհետ նաև Միացյալ նահանգներ էլ կգնան, կիմանան, որ այնտեղ պաշտպանված են»,–նշեց փորձագետը։
Հարցին, թե ո՞րն է Թրամփի կողմից թողարկված մեմքոյնի և ստորագրված որոշման ամենադրական կողմը, Արամ Քոչարյանը պատասխանեց.
«Մեմքոյնը ուշադրություն գրավելուց բացի այլ դրական կողմ չունի իմ կարծիքով։ Դա էլ դեռ հարց է՝ նմանօրինակ ուշադրության գրավումը որքանով է օգտակար, քանի որ ուշադրություն են գրավել կրիպտոյի ամենասպեկուլացիոն հատվածին։ Չնայած դրան, տարբերակներ կան, որ այդ մեմքոյնը կարող է ինչ–որ արժեք ստեղծել տարբեր բարեգործական հիմնադրամների մեջ ներդրումներ անելու համար։ Իսկ հրամանն ամբողջությամբ դրական է, որովհետև դրանից բխելու են տարբեր որոշումներ, որոնք ԱՄՆ–ին ավելի շատ հնարավորություն են տալու կրիպտոյի ոլորտում ներդրումներ անել»։
Հարցին՝ Դոնալդ Թրամփի որոշումը կարո՞ղ է ազդել Հայաստանում կրիպտո ոլորտի բարելավման վրա, և օրինակ դառնալ, որպեսզի Հայաստանում էլ նման որոշումներ կայացվեն, փորձագետը պատասխանեց.
«Զավեշտալի է, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում մենք հավանություն ենք տվել մի նախագծի, որը 5 տարի հետ է ամբողջ աշխարհից. ԵՄ–ից վերցված կարգավորում է, որը գրեթե նույնությամբ կրկնօրինակում ենք, իսկ ԵՄ–ն երբեք չի փայլել տեխնոլոգիական նորարարություններով։ Հարցն այն է՝ արդյո՞ք այս որոշումները կհասցվեն իշխանություններին, և արդյո՞ք նրանք քաղաքական կամք կունենան նոր բան փորձարկելու, որովհետև սա անելու համար գիտելիք, կամք ու մասնագետների ներգրավվածություն է պետք»։





























