Ամանորին սննդային թունավորումներից խուսափելու համար չպետք է խառնել տարբեր ուտելիքներ, պետք է օգտագործել որակով եւ թարմ մթերքներ, անպայման նայել ժամկետները, զգույշ լինել տարատեսակ պահածոներ օգտագործելուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` կարեւորելով սննդի օգտագործման կուլտուրայի ձեւավորումը: Նա խորհուրդ է տալիս առհասարակ ուշ ժամերին խուսափել ծանր սննդից, օրինակ` դեկտեմբերի 31-ի գիշերը խորոված, քյաբաբ ուտելուց, փոխարենը սնվել ավելի թեթեւ մթերքներով, ամեն ինչ օգտագործել քիչ-քիչ, չչարաշահել ալկոհոլային խմիչքները:
Թ. Ստեփանյանը նշեց, որ Ամանորի նախօրեին եւս կանչերի մեծ մասը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, տրավմաների, մրսածության հետ: Նա սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդներին խորհուրդ է տալիս ժամանակին օգտագործել դեղերը, չսպասել, որ դանակը հասնի ոսկորին, ապա օգտագործել: Տրավմաներից խուսափելու համար պետք է զգույշ լինել, ալկոհոլ քիչ օգտագործել, մեքենայի ղեկին սթափ վիճակում նստել: Մրսածությունից խուսափելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է հագնվել եղանակին համահունչ, թեթեւ հագուստ չկրել:



























