Ծայրահեղ աջ արմատական քաղաքական գործիչ Միգել Արուդան մեղադրվել է մի քանի օդանավակայաններում ճամպրուկներ գողանալու մեջ և հեռացվել է իր քաղաքական կուսակցությունից, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով կուսակցության աղբյուրներին։
Մի քանի լրատվական պարբերականների տվյալներով, ոստիկանությունը երեքշաբթի օրը Լիսաբոնի օդանավակայանում հարցաքննել է Միգել Արուդային և նրան մեղադրանք առաջադրել ուղեբեռի գողության մեջ այն բանից հետո, երբ կորած ճամպրուկները, իբր, հայտնաբերվել են նրա տանը:
40-ամյա քաղաքական գործիչն ու նախկին մարզիկը հերքում է իր մեղքը:
«Ինձ հրապարակավ զրպարտում են, բայց քանի դեռ հակառակն ապացուցված չէ, ես անմեղ եմ»,- ասել է նա։
Արուդան, որը որոշել էր մնալ վեհաժողովում որպես անկախ պատգամավոր, խնդրել է վերացնել իր պատգամավորական անձեռնմխելիությունը:
Նրա նախկին «Չեգա» կուսակցության անդամները սուլել են Արուդայի հասցեին ուրբաթ օրը խորհրդարանի նիստի ժամանակ: Համագումարի նախագահ Խոսե Պեդրո Ագիլար-Բրանկոն Արուդային կարգադրել է նստել դահլիճի հետին մասում, որտեղ սովորաբար նստում են անկախ օրենսդիրները:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը տեսագրություններ ունի, որտեղ իբր երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը վերցնում իր ճամպրուկը և երկրորդ՝ ավելի փոքրը ուղեբեռը, իսկ հետո, իբր, երկրորդ ճամպրուկը դնում է իր ճամպրուկի մեջ:
Արուդան պնդում է, որ տեսահսկման խցիկների տեսագրությունները կարող էին ստեղծվել արհեստական բանականության միջոցով:





























