«Ո՞վ է ձեզ դավաճանել, որ այսօր ավելի վատ եք խոսում արևմտահայերեն, քան 30 տարի առաջ, այստեղ էլ մեր դավաճան կառավարությունը չկա»։ Այս մասին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությանը այսօր մեղադրում են ապազգային լինելու մեջ, էս անելու մեջ, էն անելու մեջ: Հիմա սփյուռքում բոլոր կառույցներն ազգային են չէ՞, բա ինչի՞ իմ ասած խնդիրները կան, դե թող հայ երիտասարդները ապրեին հայկական օրակարգով, հայերեն խոսեին։ Հազար ներողություն, բայց այսօր ներկաների մեծ մասը նույնիսկ արևմտահայերեն դժվար է խոսում, ճի՞շտ է, որովհետև 50 տարի առաջ ձեր շփման միջավայրը ավելի շատ հայկական էր, քան այսօր։ Բա այստեղ էլ դավաճան կառավարություն չկա, ինչի՞ է այդպես։ Ով է այդ դավաճանության մեղավորը»,–ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ «իրական կյանքով» են ապրում։

«Իրական Հայաստան, նշանակում է իրական կյանք: Իրական կյանքն է նաև ստիպում, որ սփյուռքից «արտագաղթեն», մարդիկ մտնում են կրթության մեջ, բիզնեսի մեջ, մրցակցության մեջ: Այսօր մեր երիտասարդներին չենք կարող ստիպել, որ խոսեն արևմտահայերեն: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Մենք պետք է այնպես անենք, որ արևմտահայերեն խոսելը, հայերեն խոսելն իրենց համար պրակտիկ նշանակություն ունենա: Մենք Հայաստանում էլ չենք կարող մարդկանց ստիպել, որ խոսեն արևմտահայերեն, բայց այսօր մեր դպրոցական ծրագրերում կան արևմտահայերեն բանաստեղծություններ, պատմվածքներ: Այն մեր գրականության անբաժանելի մասն է: Մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից: Կյանքն իրենով ապրում է»,–ասաց Փաշինյանը: