Չորս հնագույն ոսկյա արտեֆակտ է գողացվել Նիդեռլանդների թանգարանից շաբաթ օրվա գիշերային հարձակման ժամանակ, հայտնում է BBC News-ը։
Գողերը պայթուցիկներ են օգտագործել Ասենում Դրենցի թանգարան ներխուժելու համար, որտեղ բացվել էր ռումինական ոսկյա և արծաթյա անգին զարդերի ցուցահանդեսը:
Նրանք հեռացել են երեք դաքիական պարուրաձև ապարանջաններով և ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշով՝ Կոտոֆենեշտիից հարուստ զարդարված սաղավարտով, որը պատրաստվել է մոտ 2500 տարի առաջ:
Ռումինիայի մշակույթի նախարարությունը խոստացել է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը գողացված ցուցանմուշները վերադարձնելու համար, որոնք ժամանակավորապես Բուխարեստից տեղափոխվել էին Նիդեռլանդների թանգարան։
Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թուպանն ասել է, որ անձնակազմը «խորապես ցնցված է» գողության փաստից, որը, ըստ նրա, ամենախոշոր միջադեպն է թանգարանի 170-ամյա պատմության մեջ:
Ոստիկանությունը դեպքի վայր է կանչվել շաբաթ օրը տեղական ժամանակով 03:45-ին պայթյունի մասին հաղորդումներից հետո: Ոստիկանության աշխատակիցները դատաբժշկական փորձաքննություն են անցկացրել և ամբողջ օրվա ընթացքում դիտել տեսախցիկների տեսագրությունները։
Ոստիկանությունը նաև հետաքննում է այրվող ավտոմեքենան, որը հայտնաբերվել է մոտակա ճանապարհին և կասկածում է, որ այն կարող է կապված լինել գողության հետ:
«Հնարավոր սցենարն այն է, որ կասկածյալներն ուրիշ մեքենա են նստել հրդեհի անմիջական հարևանությամբ», - ասվում է Նիդեռլանդների ոստիկանության հայտարարության մեջ:




























