ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ ձերբակալել է 46-ամյա տղամարդու, որը սոցիալական ցանցերում, ենթադրաբար, սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է NBC News-ը։
Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ոստիկանապետ Թոնի Արաուժոն հայտարարել է, որ հունվարի 19-ին՝ Թրամփի երդմնակալության նախօրեին, ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ ոմն Շենոն Աթկինս Facebook-ում սպառնալիքներ է հնչեցրել Թրամփի հասցեին:
«Դա ագրեսիվ հռետորաբանություն էր, քաղաքական հայացքներ և նրա կարծիքները նախագահի դեմ»,- ասել է Արաուժոն։
Աթկինսը ձերբակալվել է Ուեսթ Փալմ Բիչի իր տան մոտ ուրբաթ երեկոյան, ասել է Արաուժոն:
Նա հավելել է, որ կասկածյալի գրպանում հայտնաբերվել է կոկաինով երեք փաթեթ։
Աթկինսը մեղադրվում է սպանելու, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, զանգվածային հրաձգություն կամ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մասին գրավոր կամ էլեկտրոնային սպառնալիքների և կոկաին պահելու մեջ, ասվում է Ուեսթ Փալմ Բիչի ոստիկանության բաժնի հաղորդագրության մեջ:





























