Իսրայելական ուժերը սպանել են մեկ մարդու և վիրավորել 17-ին, երբ նրանք փորձել են վերադառնալ իրենց տները հարավային Լիբանանում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:

Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է զորքերը պահել հարավում կիրակի օրվա վերջնաժամկետից հետո, որը նախատեսվում էր  ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրով, որը դադարեցրեց «Հեզբոլլահի» հետ անցյալ տարվա պատերազմը, և շաբաթ օրը բնակիչներին հրամայել է չվերադառնալ նախքան հետագա ծանուցումը:

Համաձայնագրով նախատեսվում էր, որ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը պետք է հեռանան հարավային Լիբանանից, այստեղից «Հեզբոլլահի» զենքերի ու գրոհայինների դուրսբերմանը և  լիբանանյան բանակի տեղակայմանը զուգընթաց։ Ժամկետն ավարտվել է կիրակի առավոտյան:

Սակայն Իսրայելը հայտարարել է, որ լիբանանյան պետությունը լիովին չի կատարել այդ պայմանները, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից աջակցվող լիբանանյան զինվորականները շաբաթ օրը մեղադրել են Իսրայելին զորքերի դուրսբերումը ձգձգելու մեջ:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հուլա գյուղում մեկ մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել են իսրայելական հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների վրա, որոնք փորձել են մտնել իրենց դեռևս օկուպացված քաղաքները: Եվս ութ մարդ վիրավորվել է Քֆար-Կիլայում։