Առնվազն 13 խաղաղապահ և օտարերկրյա զինվոր է սպանվել Կոնգոյի արևելքում ապստամբների հետ մարտերում, շաբաթ օրը հայտարարել են ՄԱԿ-ի և բանակի ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  M23 խմբավորումը վերջին շաբաթների ընթացքում զգալի տարածքային ձեռքբերումներ է ունեցել՝ շրջափակելով արևելյան Գոմա քաղաքը, որտեղ ապրում է մոտ 2 միլիոն մարդ և որը անվտանգության և մարդասիրական ջանքերի տարածաշրջանային կենտրոն է:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բռնության աճի պատճառով արտակարգ նիստը տեղափոխել է կիրակի առավոտ: Կոնգոն դիմել է նիստի անցկացման խնդրանքով։

Շաբաթ օրը Կոնգոյի բանակը հայտարարել է, որ հետ է մղել M23-ի Գոմայի վրա գրոհը իր դաշնակից ուժերի՝ ՄԱԿ-ի զորքերի և Հարավային Աֆրիկայի զարգացման հարցերով միության առաքելության (SAMIDRC) զինվորների օգնությամբ:

«Ռուանդայի կողմից աջակցվող M23 խմբավորումն ակնհայտորեն ԱՄՆ-ում նախագահական անցումային փուլն օգտագործում է Գոմայի վրա հարձակվելու համար՝ վտանգի տակ դնելով հազարավոր խաղաղ բնակիչների», - Associated Press-ին ասել է ԱՄՆ-ում Amnesty International-ի Աֆրիկայի պաշտպանության տնօրեն Քեյթ Հիքսոնը:

Կոնգոյի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի փորձագետները Ռուանդային մեղադրում են M23 շարժմանն աջակցելու մեջ, որը հիմնականում բաղկացած է էթնիկ թութսիներից, որոնք ավելի քան մեկ տասնամյակ առաջ անջատվել են Կոնգոյի բանակից: