Հայաստանի վարչապետի՝ Շվեյցարիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած արտահայտությունների պատասխանով հանդես է եկել Ռուսաստանի հայերի միությունը։ Ստորեւ ներկայացնում ենք Հայտարարությունն ամոբղջությամբ.
Ցյուրիխում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ Քրեական օրենսգրքին, ինչպես նաեւ Շվեյցարիայի օրենքներին, խեղաթյուրում են պատմական փաստերը եւ հանդիսանում են Հայաստանի իշխանությունների չարամիտ քաղաքականության հերթական դրսեւորումը սփյուռքի եւ մեր ժողովրդի պատմության նկատմամբ։
Հայաստանի վարչապետը, իր երկրի օրենքներին համապատասխան, պարտավորվելով հասնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համապարփակ ճանաչմանը, կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ պատմականորեն ապացուցված եւ դատապարտված աշխարհի տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից, եւ կոչ է արել «կրկին ուսումնասիրել այդ հարցը եւ հասկանալ, թե ինչ եւ ինչու է տեղի ունեցել եւ ինչու 1939թ., նրա կարծիքով, «չի եղել ցեղասպանության օրակարգ, իսկ արդեն 1950թ. այն հայտնվել է օրակարգում»։
Փաշինյանն ընտրել է Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվները քարոզելու հարթակ՝ դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքն այն պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստը, քրեական հանցագործություն է համարվում։
Ակնհայտ է, որ նույնիսկ իշխանության գալուց հետո հեղափոխական շանտաժի միջոցով բարձրագույն կրթության դիպլոմ ստացած Փաշինյանը, ինչպես ցանկացած հայ դպրոցական, քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, եւ հիմա նա այս դիսկուրսն է նետում, որպեսզի հանրությանը ներքաշի իրեն պարտադրված խայտառակ քննարկման մեջ, որը կհանգեցնի մեր արժեքների ու ձեռքբերումների արժեզրկմանը, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակի պղծմանը, որոնք սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից:
Փաշինյանի հայտարարությունների գնահատականը տրված է Հայաստանի Սահմանադրությունումբ եւ Քրեական օրենսգրքում, աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող այլ մեծ տերությունների օրենքներում եւ հայտարարություններում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ բանաձեւում, որի համաձայն՝ ամեն տարի դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր», 1915թ. մայիսի 2-ի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաեւ Կոստանդնուպոլսի հատուկ ռազմական տրիբունալի որոշման մեջ, որը 1919-1920թթ. դատապարտել է երիտթուրքերի ղեկավարներին ջարդ կազմակերպելու, հայերի տեղահանման համար, ինչպես նաեւ բազմաթիվ այլ փաստեր, ապացույցներ եւ հայտարարություններ, որոնք մինչ օրս կասկածի տակ են դրվել միայն թուրքական իշխանությունների՝ Ցեղասպանության կազմակերպիչների իրավահաջորդների կողմից:
Նշված հանդիպման ժամանակ Փաշինյանի կողմից սփյուռքի հասցեին հնչեցված այլ վիրավորական արտահայտությունների վերաբերյալ Ռուսաստանի հայերի միությունը շուտով կհրապարակի հատուկ հայտարարություն։


























