Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ բոյկոտի գործողություններին, այլև պատրաստ ենք աջակցել նրանց, որպեսզի բոյկոտը արդյունավետ լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Ուստի վարչական տույժերի դեպքում քաղաքացիներին հրավիրում ենք այցելել մեր կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Աբովյան 25 հասցեով և մենք քաղաքացիների վարչական տույժերը բոյկոտի գործողությունների ամբողջ ընթացքում կփոխհատուցենք: Ավելին, եթե քաղաքացիների նկատմամբ իրավական հարկադրանքի այլ միջոցներ կիրառվեն, մենք նաև նրանց իրավական պաշտպանությունը կապահովենք»,-ասաց նա:
«Հայաքվեի» վարչության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանն էլ հավելեց. «Ուղղակի ընթերցեմ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 137-րդ հոդվածը՝ »Անտոմս երթևեկելը»: «Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով, առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով: Տուգանքի վճարումը ուղևորներին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց»: Կուզեմ շեշտել մենակ մի բան, որ անպայման մեզ դիմելու դեպքում պետք է ներկայացվի վարչական ակտը: Անպայման պետք է ներկայացնեք, որ կարողանանք հետագա իրավական գործողությունները ապահովենք»,-ասաց նա:





























