Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը եւ ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մասնակցում էին 5 թիմ` «Առնետ», «Միմ», «Ռեւոտեք», «Մայմհագր», «Ոզնի»:
Ցավոք որեւէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը, այդ պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով:
Շվեցարական «ԷյԲիԲի» (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200.000 դրամ:
Աղջիկներից ձեւավորված «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը` արժանանալով 100.000 դրամ:
Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրն արժանանալով 100.000-ական դրամ:
«Անցած տարվա նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումները»,- NEWS.am-ին ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նշենք, որ ԻՏՁՄ-ն հանդիսանում է մրցույթի կազմակերպիչը:




























