Շվեդիայի իրավապահ մարմինները կալանել են նավը, որը կասկածվում է Բալթիկ ծովում տվյալների փոխանցման ևս մեկ մալուխի վնասման մեջ, հայտնում է Euronews-ը։
Երկրի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ կալանված նավի վրա ներկայումս գտնվում են Շվեդիայի իշխանությունների ներկայացուցիչներ։
Դիվերսիա կատարելու կասկածանքով հետաքննություն է տարվում։ Հունվարի 26-ին վնասվել է Լատվիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության կենտրոնի օպտիկամանրաթելային մալուխը, որը կապում է Ventspils-ը և Gotland-ը:
Լատվիայի վարչապետը միջադեպի առնչությամբ պատասխանատու ծառայությունների խորհրդակցություն է հրավիրել։ Շվեդիայի իշխանությունները հայտնել են, որ Ստոկհոլմը, Ռիգան և ՆԱՏՕ-ն «սերտորեն աշխատում են» միջադեպի հետաքննության շրջանակներում:
Ըստ Vesselfinder-ի՝ Մալթայի դրոշով Vezhen նավը մի քանի օր առաջ լքել է ռուսական Ուստ-Լուգա նավահանգիստը և ենթադրյալ վնասի պահին Շվեդիայից Դանիա էր ուղևորվում:
Լատվիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության կենտրոնը կիրակի առավոտյան գրանցել է Վենտսպիլսից դեպի շվեդական Գոտլանդ կղզի ձգվող մալուխի միջոցով փոխանցվող տվյալների ընդհատումներ:
«Ներկայումս հիմքեր կան ենթադրելու, որ մալուխը զգալիորեն վնասվել է, և որ վնասը պատճառվել է արտաքին միջամտությամբ», - LVRTC կորպորատիվ հաղորդակցության բաժնի ղեկավար Վինետա Սպրուգայնի խոսքերը մեջբերում է Լատվիայի ռադիոյի և հեռուստատեսության լրատվական պորտալը։
Երկրի վարչապետ Էվիկա Սիլինան «X» սոցիալական ցանցում գրել է, որ իր կառավարությունը «աշխատում է շվեդ դաշնակիցների և ՆԱՏՕ-ի հետ միջադեպը հետաքննելու համար՝ ներառյալ տարածքը հսկելն ու տարածքում գտնվող նավերը ստուգելը»։





























