Նիդեռլանդական մաքսատունը Ֆլիսինգեն քաղաքի նավահանգստում (Զելանդիա նահանգ) առգրավել է կոկաինի խմբաքանակ, որը թաքցվել էր մրգերի փաթեթների մեջ։ Ինչպես տեղեկացվել է թագավորության դատախազության կայքում, հայտնաբերված թմրանյութի արժեքը գնահատվում է 10,7 մլն եվրո։
Ըստ տեղեկության՝ խմբաքանակի ընդհանուր քաշը կազմել է 428 կիլոգրամ։ Կոկաինը թաքցվել էր Պերուից բերվող մրգերի փաթեթների մեջ, նշանակման վայրը Գերմանիան էր։ Իրավապահները տեղեկացրել են, որ կոկաինն առգրավվել եւ ոչնչացվել է, գործողությունը ոստիկանության եւ մաքսատան մարմինների մասնակցությամբ իրականացվել է հունվարի 27-ին։
Ինչպես նշել է NOS հեռուստաալիքը, վերջին տարիներին ոստիկանությունը եւ մաքսատունն ավելի հաճախ են թմրանյութեր գտնում այն բեռներում, որոնք հասնում են Ֆլիսինգենի նավահանգիստ։ Նոյեմբերին այնտեղ առգրավվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին՝ թաքցված Կոլումբիայից բերված մրգերի մեջ, իսկ մեկ ամիս առաջ՝ ավելի քան 600 կիլոգրամ կոկաին բանանի խմբաքանակի հետ։ 2023թ. Նիդեռլանդների մաքսատունը եւ ոստիկանությունը Ֆլիսինգենն արդեն անվանել են Նիդեռլանդներ արգելված նյութերի ներկրման նոր «թեժ կետ» Ռոտերդամի նավահանգստի հետ միասին։





























