Ուզբեկստանի ազգային ավիաընկերությունը՝ Uzbekistan Airways-ը, հունվարի 20-ից սկսել է եվրոպական երկրներ թռիչքներ կատարել՝ շրջանցելով Ռուսաստանի եւ Բելառուսի օդային տարածքը։ Ավիափոխադրողի բոլոր թռիչքները եվրոպական ուղղությամբ իրականացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով, գրել է «Фергана» գործակալությունը՝ հղում կատարելով փոխադրողի հայտարարությանը։

Ընկերությունն այս որոշումն ընդունել է Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող Azebaijan Airlines-ի (AZAL) Embraer E190 ինքնաթիռի կործանումից հետո, որը վթարի էր ենթարկվել Կասպից ծովում դեկտեմբերի 25-ին։ Այդ ժամանակ 62 ուղեւորներից եւ անձնակազմի հինգ անդամներից մահացել էր 38 մարդ։ Սակայն ուղիղ հարցին, թե արդյոք դեպի Եվրոպա երթուղիների փոփոխությունը կապված է ինքնաթիռի կործանման հետ, Ուզբեկստանի ավիաուղիների ներկայացուցիչը նշել է, որ «դրանք ընդամենը նախազգուշական միջոցներ են»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ Embraer E190-ի անկման պատճառը գետնից գնդակոծությունն է եղել։ «Reuters»-ի եւ «Euronews»-ի աղբյուրները Ադրբեջանի կառավարությունում նշել են, որ Գրոզնիում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ ինքնաթիռը կարող էր խոցվել «Պանցիր» կայանքից: Աղետից երեք օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ալիեւին եւ ներողություն խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։ Ալիեւը Ռուսաստանից պահանջել է իր վրա վերցնել կատարվածի մեղքը։

Դրանից հետո արտասահմանյան ութ ավիաընկերություններ որոշել են մասամբ դադարեցնել թռիչքները Ռուսաստան։ Դրանց թվում են ղազախական Qazaq Air-ը, իսրայելական El Al-ը, արաբական Flydubai-ն, սերբական Air Serbia-ն, ուզբեկական Qanot Sharq-ը, թուրքմենական Turkmen Airlines-ը, չինական China Southern եւ ադրբեջանական AZAL-ը:

Իր հերթին, Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կոչ է արել ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները Ռուսաստանի հինգ քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով եւ Սամարա։ EASA-ն իր առաջարկությունը պայմանավորել է Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով, ինչը Ռուսաստանի երկնքում քաղաքացիական ինքնաթիռների դեմ ոչ միտումնավոր հարձակումների վտանգ է պարունակում՝ իշխանությունների եւ զինվորականների գործողությունների վատ համակարգման, ինչպես նաեւ նույնականացման սխալների պատճառով: