Այո, միշտ չի, որ սպառազինության շուկաները լինում են ստաբիլ, նաև երկրի խնդիրն է իր առջև դրված խնդիրներից ելնելով, իր զինված ուժերը զարգացնելու միտումով փնտրել այնպիսի շուկաներ, որոնք էժան են, հասանելի են և հնարավոր է այդ շուկաներից ձեռք բերվող զինատեսակները, սպառազինությունը և տեխնիկան ներդաշնակեցնել քո մնացած ստորաբաժանումների մարտական խնդիրներին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով զենքի ձեռքբերման գործընթացի դիվերսիֆիկացնելու խնդրին:
«Հիմա ես չգիտեմ՝ որտեղ ինչ են գտել, հուսով եմ, որ կան երկրներ, որոնք պատրաստ են սպառազինության մատակարարել, հուսով եմ, որ մենք հնարավորություն ունենալու ենք վերադառնալու մեր ռազմավարական դաշնակցի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։ Հուսով եմ, որ մենք նաև Արևմուտքում էլ, արևելքում էլ ունենալու ենք նոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից։ Աշխարհում անհնարին ոչինչ չկա։
Քանի որ սրանց եկել են ձախողելու, իրենց համար պատճառներն են պետք, իսկ պատճառների փնտրտուքի հարցում իրենք չեմպիոններ են»,-ասաց նա:
Հարցին՝ ՀՀԿ-ի իշխանության տարիներին եղե՞լ են դեպքեր, որ Ռուսաստանին զենքի համար վճարենք, բայց զենքը չտան, նա պատասխանեց. «Չի եղել նման բան, մեզ 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել, ու դրանք ամբողջությամբ պիտանի են եղել»:





























